ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լուրեր

Լուրեր
26.08.2008 | 00:00

Մալադեց, Արթուր
Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրներից վերջերս հաջողվել է փակ տեղեկատվություն կորզել այն մասին, որ ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպաններից մեկը (հասկանալի պատճառներով անունը չենք հրապարակում) Հայաստանում պրոֆրանսիական քաղաքականություն իրականացնելու համար իր երկրի կառավարությունից հսկայական գումարներ է ստացել և, որ ամենահետաքրքիրն է այս տեղեկատվության մեջ, գաղտնի իրացրել դրանք ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ակտիվ համագործակցությամբ։ Թե կոնկրետ ուր են նպատակաուղղվել այդ գումարները, տեղյակ չէ նույնիսկ Ֆրանսիայի կառավարությունը, հայտնի է, սակայն, որ այդ միլիոններն օգտագործվել են նաև կուսակցաշինության մեջ։

«Մանրից» լծակազերծում են
Թեպետ քոչարյանամերձ քարոզչամեքենան ջանադրաբար աշխատում է ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանից իշխանական բուրգի սուպերազդեցիկ պաշտոնյա կերտելու ուղղությամբ, սակայն իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ երրորդ նախագահը ոչ պակաս ջանադրությամբ հետևողականորեն թուլացնում է վերջինիս դիրքերը ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության օղակներում։ Ի դեպ, երբեմնի «գորշ կարդինալը» ոչ միայն կորցնում է նախկին «պատրոնի» օրոք ձեռք բերած ազդեցության լծակները, այլև չի կարողանում քիչ թե շատ լուրջ որևէ հարց լուծել, քանզի ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ կառավարությունում վստահելի համախոհներ չունի։ Ճիշտ է, նրա խմբագրմամբ չորրորդական կարևորության մի շարք օրինագծեր են մտել խորհրդարան (որդեգրման, հոգեմետ դեղերի բաշխման հարցեր և այլն), սակայն դրանցով լուրջ քաղաքականություն չես իրականացնի, առավել ևս, երբ բացակայում են անմիջական «շեֆիդ», իմա՝ գործող նախագահի բարեհաճ վերաբերմունքն ու «հայրական աջը»։

«Վետո»
Արևմուտքի քաղաքագիտական խոշոր կենտրոններից մեկը տեղեկատվական արտահոսք է թույլ տվել (ամենայն հավանականությամբ՝ մտածված), համաձայն որի արևմտաեվրոպական հեղինակավոր կառույցները խիստ բացասաբար են վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի՝ հայաստանյան իշխանական բուրգ վերադարձի հեռանկարին։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ԼՂՀ հակամարտության գծով ԵԱՀԿ համանախագահ Մեթյու Բրայզան դիվանագիտական նեղ շրջանակում հայտարարել է, թե Արևմուտքն ամեն կերպ խոչընդոտելու է Քոչարյանի վարչապետական նկրտումներին, քանզի վերջինս իշխանավարման տասը տարիների ընթացքում քանիցս «ցուցանել» է, որ չի ենթարկվում ո՛չ ԵԱՀԿ-ի, ո՛չ էլ, ընդհանրապես, միջազգայնորեն ընդունված նորմերին։ «Մենք համոզված ենք, որ Քոչարյանը Հայաստանում ղեկավար պաշտոն այլևս երբեք չի զբաղեցնելու»,- մասնավոր մի զրույցի ժամանակ ասել է Բրայզան։

ՈՒզում են սադրել
Բրիտանական փորձագիտական շրջանակների տեղեկատվության համաձայն՝ Արևմուտքը լրջորեն մտահոգված է վրաց-ռուսական հակամարտության մեջ ջավախահայության ներքաշման հավանականությամբ։ Մտահոգության հիմնական շարժառիթն այն է, որ եթե նման զարգացումների հարցում շահագրգիռ ուժերին հաջողվի լարվածության մի նոր օջախ ստեղծել Ջավախքում, դա կարող է հանգեցնել Վրաստանի բացահայտ քայքայմանը։ Նույն աղբյուրները փաստում են, որ հայաստանյան քաղաքական ուժերից և ոչ մեկը շահագրգռված չէ Վրաստանի հայաբնակ այս տարածքում իրավիճակի ապակայունացմամբ։

Երկաթուղին խափանումներով աշխատում է
Երեկ բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ վրացական երկաթուղին սկսել է սահմանափակ թողունակությամբ աշխատել, ինչը բավարար է Հայաստանի բենզինի շուկայում առաջացած որոշակի դեֆիցիտը փակելու համար։ Առայսօր Վրաստանից 39 մեքենաներով ներկրվել է 500 տոննա բենզին, իսկ կառավարության հանձնարարականով Իրանից «Ապավենը» Հայաստան է բերել 418 տոննա ալյուր։
Կիրակի կեսօրին Թբիլիսի-Գորի վնասված երկաթուղային կամուրջը շրջանցող գծով սկսվել է 35 վագոն ցորենի տեղափոխումը Հայաստան։ Սակայն հետո պարզվել է, որ Խաշուրի հատվածում այրվել են նավթամթերքով բեռնված ինչ-որ վագոններ, և ճանապարհը կրկին դարձել է անանցանելի։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, տրանսպորտի և կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը հավաստել է, որ երկաթուղին հաջողվել է նորոգել, և կազմվել է բեռների տեղափոխման գրաֆիկ։ «Ամենայն հավանականությամբ, Հայաստան ներկրվող ցորենի վագոնները դեպի մեր հանրապետություն կշարժվեն երկուշաբթի օրը։ Ներկա դրությամբ դեպի Հայաստան վրացական երկաթգծում կա 178 վագոն բեռ, որից 108-ը՝ ցորեն, մնացածը խառը բեռներ են։ Փոթիի նավահանգստում կան Հայաստան ներկրվելու սպասող 6700 տոննա ցորեն և 93 վագոն խառը բեռներ։ Բաթումում ունենք 2500 տոննա ցորեն, 10 վագոն բենզին, ևս 1000 տոննա սպասում է ներկրման։ Բեռնափոխադրումները նորմալ հունով ընթանալու դեպքում մենք առաջնահերթությունը տալու ենք ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, մասնավորապես ցորենի և բենզինի ներկրմանը»,- ըստ «Ազատության»՝ նշել է Ս. Տոնոյանը։

Վախեցող չկա
Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ «Ռեգնում» գործակալության, Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, թե Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությամբ պետք է շահագրգռված լինեն առաջին հերթին ՆԱՏՕ-ի երկրները։ «Եթե նրանք գնան Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների վերջնական խզման, ապա մեզ հետ ոչ մի սարսափելի բան չի պատահի»,- նշել է Մեդվեդևը։ Դ. Ռոգոզինը նախագահին է հանձնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնույթն ու ծավալները կոնկրետացնող առաջարկությունների փաթեթ։

2012-ից տարեկան կարտադրվի շուրջ 30 հազար տոննա պղինձ
Երեկ Ալավերդու քաղաքապետարանի և «Վալեքս գրուպի» նախաձեռնությամբ Ալավերդիում անցկացվեց «Լոռվա ուսանող-2008» միջոցառումը, որին ներկա էին Ալավերդի, Վանաձոր, Թեղուտ և Շնող համայնքների մոտ 250 երիտասարդներ։ Միջոցառման ընթացքում «Վալեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության փոխնախագահ Արթուր Մկրտումյանը ներկայացրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ «Վալեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ Թեղուտ ՓԲԸ-ի միջոցով «Վալեքս» ընկերությունների խումբը պատրաստվում է իրականացնել անկախ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկը՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցումը։ Այդ նախագծի միայն առաջին փուլը կպահանջի մոտ 280 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի շնորհիվ 2012-ից տարեկան կարտադրվի շուրջ 30 հազար տոննա պղինձ և մոտ 1000 տոննա մոլիբդենի խտանյութ։
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը համոզված է, որ Թեղուտի շահագործման ծրագիրը միտված է ողջ Լոռու տարածաշրջանի զարգացմանը, որը լուծում է նաև զբաղվածության խնդիր. նախատեսված է Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում բացել մոտ 2000 աշխատատեղ։ Բացի աշխատատեղեր ստեղծելուց, կզարգանան նաև տարածաշրջանի ենթակառուցվածքները։ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը ներկայացվեց ուսանողների հետ հանդիպման ընթացքում, քանի որ այսօրվա երիտասարդներն են, որ ապագայում պետք է համալրեն «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատողների շարքը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. -Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի մանրամասները՝ «Իրավունքը de facto»-ի օգոստոսի 29-ի համարում։

Կոմունիստները հավերժ Ռուսաստանի հետ են
Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը հրապարակել է հայ ժողովրդին ուղղված ուղերձ։ «Արդեն մի տևական ժամանակ հանրապետության որոշ ԶԼՄ-ներում, իրենց քաղաքական գործիչ համարող անձանց ելույթներում, եթեր արձակվող ստահոդ հաղորդումներում փորձեր են արվում հարցականի տակ առնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը՝ կապված վրաց-օսական հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի դերակատարման հետ։
Մենք՝ կոմունիստներս, վկայակոչելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հայ ժողովրդին սթափության և զգոնության կոչ ենք անում՝ չտրվել հակառուսական սադրանքներին, որ թելադրվում են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և նրանց կամակատարների կողմից, ունենալով «ժողովրդավարություն» անվան տակ Հայաստանը Ռուսաստանից կտրելու և նրան ՆԱՏՕ-ին՝ փաստորեն Թուրքիային մատուցելու հանցավոր նպատակ։ Այդ համաշխարհային ժանդարմի, ագրեսիվ բլոկի արտահանած կեղծ ժողովրդավարության հետևանքներին մարդկությունը սոսկումով ականատես է եղել Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում»,- ասված է ՀԿԿ հայտարարության մեջ։ Հայ կոմունիստները կոչ են անում, անկախ իրավիճակից, հավատարիմ մնալ հայոց մեծերի պատգամներին և ոչ մի դեպքում չխախտել հայ-ռուսական ավանդական բարեկամության ուխտը։

ՀԻՄԱ ՈՒՇԱՑԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ՉԷ
Օգոստոսի 22-ին` ժ. 17.05-ին հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարար ծառայության հաղորդման համաձայն` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արարատի և Կոտայքի մարզերի փրկարարական ջոկատները, ինչպես նաև անտառտնտեսության աշխատակիցներն ու արգելոցի հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչները: Հրդեհը մարվել է ժ. 22.50-ին մոտ, իսկ թե ինչքան տարածք է այրվել, կարելի է միայն ենթադրել: Ըստ ԱԻՆ-ի փրկարար ծառայության` «այրվել են ծառեր, թփուտներ, խոտածածկ տարածք` 30 հեկտար», իսկ ահա, ըստ տեղի բնակիչների` Խոսրովի անտառն ավելի շատ է վնասվել, քան ներկայացվում է, բացի այդ` փրկարարական ջոկատները բավական ուշ են վրա հասել, և հենց այդ պատճառով է, որ գյուղացիները ստիպված են եղել, ով ոնց կարող էր, անտառը փրկել:
Ցավոք, երեկ մեզ չհաջողվեց կապվել Խոսրովի արգելոցի տնօրինության հետ, իսկ ԱԻՆ-ից մեզ ավելին չասացին, «քան արդեն ասել էին իրենց հաղորդագրության մեջ»…

Դիտվել է՝ 3933

Մեկնաբանություններ

դարձ կապ